22 օգոստոսի 2016 - 17:22 AMT
Դավիթ Սանասարյանի պաշտպանը կդիմի վճռաբեկ, հետո` Եվրոպական դատարան

Գրավի դիմաց ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է դիմել վճռաբեկ դատարան, այնուհետև՝ Եվրոպական դատարան՝ վերջինիս կալանքի ապօրինությունը հաստատելու նպատակով, հայտնում է Aysor-ը:

«Գտնում ենք, որ կալանքը ապօրինի էր: Բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան, այնուհետև Եվրոպական, եթե վճռաբեկը մերժի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արա Ղարագյոզյանը: Նրա խոսքով՝ Դավիթ Սանասարյանի թե՛ կալանքը, թե՛ գրավի դիմաց ազատ արձակումը քաղաքական որոշում է եղել:

Վերջինս տեղեկացրել է, որ իր հաջորդ քայլը լինելու է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեկան դատարանը որոշում կայացրեց մեկուկես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: