24 ապրիլի 2007 - 13:52 AMT
Ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը
Այսօր, ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը: Հենց այդ օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավոր, կրոնական, տնտեսական եւ քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, ինչը հանգեցրեց հայ մշակույթի ակնառու գործիչների մի ողջ աստղաբույլի ամբողջական ոչնչացմանը: Ձերբակալության ենթակաների ցուցակներում հայտնվեցին տարբեր քաղաքական հայացքների եւ մասնագիտությունների տեր մարդիկ` գրողներ, դերասաններ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, գործարարներ, քաղաքական եւ կրոնական առաջնորդներ: Հայկական համայնքի հայտնի դեմքերի ձերբակալությունները Թուրքիայի մայրաքաղաքում աննշան ընդհատումներով շարունակվեցին մինչեւ մայիսի վերջ, ընդ որում ոչ մի մեղադրանք նրանց չէր ներկայացվում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինոպոլսում ձերբակալվեցին շուրջ 800 հայտնի հայեր, որոնցից մինչեւ ամռան ավարտն արդեն շատ քչերն էին ողջ մնացել: 1915-1923 թվականներին ընդհանուր առմամբ սպանվեց 1,5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Վատիկանը, Իտալիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը: ԱՄՆ շուրջ 40 նահանգներ նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: