Սահմանը հատած ՀՀ քաղաքացի 61-ամյա Հենրիկ Աղեկյանին ադրբեջանական իշխանությունները հետ են վերադարձրել:
Հենրիկ Աղեկյանին հետ են վերադարձրել օգոստոսի 23-ին ժամը 18:00-ին, հայտնում է Aysor-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Ադրբեջանի իշխանությունների միջև շարունակվում է երկխոսությունը՝ օգոստոսի 13-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած քաղաքացու հետ վերադարձի հարցով:
Օգոստոսի 13-ին Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 61-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել էր սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում, օգոստոսի 17-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ՀՀ քաղաքացուն:
Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: 2015-ի նոյեմբերի 12-ինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացին՝ տարեց կինը, որը նոյեմբերի 8-ին հատել էր սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։
2016-ի հունիսի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանին է հանձնվել քաղաքացիական անձը՝ կինը, որը հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում:
Սակայն ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձել էին անցնել ԼՂՀ: