24 օգոստոսի 2016 - 11:36 AMT
Սերբիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ. Հայ և սերբ ըմբիշների ուժերը հավասար էին

Սերբիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ժելկո Տրայկովիչը կարծում է, որ Օլիմպիադայի եզրափակիչ մենամարտում հայ և սերբ ըմբիշների ուժերը հավասար էին, և դրանով նա առաջարկում է ավարտել վեճը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Մրցավարները հաղթող ճանաչեցին սերբ Դավոր Շտեֆանեկին։ Երկրպագուները change.org կայքում բողոքարկման ակցիա սկսեցին` ի պաշտպանություն Հարությունյանի, դրան միացավ ավելի քան 35 հազար մարդ։ Շատ մարզական մեկնաբաններ կիսում են այն կարծիքը, որ ոսկե մեդալակիրը հենց Միհրան Հարությունյանն է։

Տրայկովիչը շնորհավորել է Հարությունյանին և հայկական ամբողջ հավաքականին: «Ըմբշամարտի հայկական ոճը բացառիկ է, մենք հիանում ենք նրանով, և այդ երկրի մարզիկների յուրաքանչյուր ելույթը հոմանիշ է իսկական հունահռոմեական մենամարտի։ Դա իսկապես ականավոր թիմ է, և մենք փորձում ենք հավասարվել նրան»,- ասել է Տրայկովիչը Sputnik գործակալությանը:

Սակայն նա կարծում է, որ Դավոր Շտեֆանեկը ևս ոչնչով չի զիջում Հարությունյանին և ամբողջ ընթացում վստահ հաղթանակներ է տարել` 24 միավոր հավաքելով համաշխարհային մակարդակի ըմբիշների հետ մենամարտերում։ «Եզրափակիչը հատուկ մենամարտ է, սակայն հաղթանակը ձեռք է բերվում գերազանց մտածված մարտավարության շնորհիվ։ Եթե եզրափակչից հետո մրցավարները բարձրացնեին Հարությունյանի ձեռքը, դա նույնպես արդարացի կլիներ, քանի որ ըմբիշների ուժերը հավասար էին»,- ասել է Սերբիայի ֆեդերացիայի նախագահը։

Նա կարծում է, որ առանձին պահերի նախաձեռնությունը Հարությունյանի ձեռքում էր, սակայն որոշ պահերի նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցնում Շտեֆանեկը։

«Կարծում եմ, որ այս իրավիճակում` 1:1 հաշվի ժամանակ, երբ ամեն ինչ որոշում են մանրուքները, արդարացի չէ նվազեցնել Շտեֆանեկի հաջողությունը, ով հրաշալի է անցկացրել բոլոր մենամարտերը»,- նշել է Տրայկովիչը։ Նրա խոսքով` Հարությունյանն, անշուշտ, այս քաշային կարգի լավագույն ըմբիշներից է, իսկ նրա մենամարտերին հետևելը հաճույք է։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ հայ մարզիկին փայլուն ապագա է սպասում։

«Ես հասկանում եմ հայ երկրպագուների վրդովմունքն ու դժգոհությունը, քանի որ այդ երկրում հունահռոմեական ըմբշամարտն ազգային մարզաձև է։ Սակայն պետք է հասկանալ, որ եզրափակիչների ժամանակ հաղթում են նաև գերազանց մարտավարության շնորհիվ»,- ասել է Տրայկովիչը։

Նա կոչ է արել այսքանով վերջակետ դնել և սպասել այս երկու մարզիկների նոր մենամարտերին, որոնցում ավելի շատ տպավորիչ պահեր կլինեն, քանի որ Շտեֆանեկը և Հարությունյանը նույն տիպի մարզիկներ են։

Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ: Այս մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը բողոքարկմանը վերաբերող հարցին ի պատասխան ասել է, որ այդ և այլ հարցերի կպատասխանի միայն Հայաստան վերադառնալուց հետո:

Իսկ մինչ այդ Միհրան Հարությունյանի երկրպագուները և ողջ հայ հանրությունը կոչ են անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին` հայց ներկայացնել Մարզական վճռաբեկ դատարան` բողոքարկելով XXXI ամառային օլիմպիական խաղերի անարդար մրցավարությունը։

Միհրան Հարությունյանը գրառում է կատարել VK սոցցանցում` իր երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ով «չվարանեց իր կարծիքը հայտնել Ռիոյի Օլիմպիական խաղերում իր եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ»:

Ընթերցեք նաև. Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի որպես Օլիմպիադայի ոսկե մեդալակիր