25 օգոստոսի 2016 - 17:43 AMT
WhatsApp-ը Facebook-ին կփոխանցի իր օգտատերերի հեռախոսահամարները

Սմարթֆոնների համար նախատեսված հայտնի WhatsApp ծառայությունը հայտարարել է, որ Facebook սոցցանցին կփոխանցի իր օգտատերերի հեռախոսահամարները: Դա նշանակում է, որ WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան առավել թիրախային գովազդ տեսնել Facebook-ում, բայց ոչ հաղորդագրությունների փոխանակման բուն ծառայությունում, հայտնում է Associated Press-ը:

Այդ քայլը կարելի է գնահատել որպես փոքր, բայց զգալի տեղաշարժ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության մեջ, որը մշտապես խոստանում է պաշտպանել իր ավելի քան 1 մլրդ օգտատերերի մասնավոր կյանքը:

«Փոխգործակցելով Facebook-ի հետ, մենք կկարողանանք ավելի ճշգրիտ տվյալներին հետևել, պարզել, թե ինչպես են մարդիկ օգտվում հավելվածից և ավելի լավ պայքարել սպամի դեմ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

WhatsApp-ը սահմանափակ ժամանակ է տալիս իր օգտատերերին` հրաժարվելու համար տեղեկատվության փոխանակումից Facebook-ի հետ` դրա համար օգտատերն ինքը պետք է մտնի հավելվածի կարգաբերումների բաժին և անջատի այդ գործառույթը: Հավելվածը նաև խոստանում է, որ Facebook-ը չի տեղադրի հեռախոսահամարները համացանցում կամ չի փոխանցի այլոց:

WhatsApp-ը սմարթֆոնների համար նախատեսված մասնավոր մեսենջեր է, որը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ, պատկերներ, տեսանյութեր ուղարկել համացանցի միջոցով: Աշխատում է Android, iOS (iPhone), Windows Phone, BlackBerry, Nokia Symbian и Nokia S40 հարթակների վրա: 2014-ին Facebook-ը գնեց հավելվածը $21,8 մլրդ: