26 օգոստոսի 2016 - 11:18 AMT
Metro. Մխիթարյանը` Պրեմիեր լիգայի պատմության վրա ազդեցության հնարավորություն ունեցող խաղացողների ցանկում

Metro-ն կազմել է առավել ազդեցիկ ֆուտբոլիստների ցանկը, որոն, ըստ պարբերականի, կարող են ազդեցություն ունենալ Պրեմիեր լիգայի պատմության վրա իրենց խաղով ու վարքով հանդիպումների ժամանակ:

10-հոգանոց այդ ցուցակում է ընդգրկվել նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս է համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը: Նա 10-ն է ցուցակում:

«Հաշվի առնելով, թե ինչպես է սկսվեց խաղաշրջանը, քչերը կարող էին կանխատեսել, որ ակումբին 27 մլն ֆունտ արժեցած Մխիթարյանը դժվարություններ կունենա Ժոզե Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հետ` Խուան Մատայի պատճառով: Սակայն հենց այդպիսի իրավիճակում է հայտնվել հայ ֆուտբոլիստը»,-գրում է պարբերականը` մեկնաբանելով իրավիճակը, երբ նորեկը վերջին երկու խաղում չընդգրկվեց թիմի մեկնարկային կազմում:

Պարբերականը չի շրջանցել նաև Մխիթարյանի խաղը, որը նա հասցրեց ցույց տալ «Սաութհեմփթոնի» հետ խաղի վերջին 15 րոպեում:

«Հենրիխն ընդգրկվել է մեր վարկանիշում նաև շնորհիվ երկրպագուների հիանալի կարգախոս-երգի»,-գրում է պարբերականը:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև.«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են Սթինգի երգի բառերը Մխիթարյանի պատվին (վիդեո)