26 օգոստոսի 2016 - 12:51 AMT
Խաղողի մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից

Հանրապետությունում խաղողի մասայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:

Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն օգոստոսի 26-ից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:

«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այդ գործում օժանդակություն ցուցաբերել մթերողներին և գյուղացիական տնտեսություններին: «Մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն և խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար»,- նշել է վարչապետը: