Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից վնասվել կամ ավերակների է վերածվել պատմական արժեք ունեցող 293 շենք: Այդ մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Շատ դեպքերում խոսքը XIII-XIV դարերի եկեղեցիների, պալատների և հուշարձանների մասին է: Տարերքը գրեթե ամբողջապես ոչնչացրել է Ամատրիչե քաղաքի պատմական կենտրոնը: Ժամանակին քաղաքն անվանել են «100 եկեղեցիների քաղաք»: Մասնակիորեն փլուզվել է նաև քաղաքի գլխավոր պատմական արժեքը հանդիսացող Սբ Ֆրանցիսկոսի եկեղեցին: Ավերակների է վերածվել քաղաքի արվարձանում գտնվող 1428թ. Սբ Ագուստինի եկեղեցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օգոստոսի 27-ին Իտալիայում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ կենտրոնական շրջաններում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի, հայտնում է ՏԱՍՍ-ը Իտալիայի նախարարների խորհրդի վրա հղումով:
«Օգոստոսի 27-ին տեղի կունենա Ասկոլի Պիչենոյում զոհվածների հուղարկավորությունը բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Այդ կապակցությամբ նախարարների խորհուրդը օգոստոսի 27-ը սգո օր է հայտարարում»,-ասվում է Կիջի պալատի պաշտոնական հայտարարության մեջ:
Զոհերի թիվը հասել է 268-ի, իսկ տուժածներինը՝ 387-ի: Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:
Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: