Ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Եմենի հարավում` Ադեն քաղաքում: Մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենան պայթեցրել է երկրի իշխանությունների հանդեպ լոյալ կամավորականների ճամբարի մոտ: Զոհերի թիվը հասնում է 65-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր 45 զոհի և 60 վիրավորի մասին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Ադենում կազմակերպած ահաբեկչության համար:
Հունիսին Եմենի հարավում գտնվող Էլ Մուկալլա քաղաքում մահապարտ ահաբեկիչները մի շարք պայթյուններ իրականացրեցին, որոնց հետևանքով 42 մարդ զոհվեց:
2014-ից ի վեր Եմենում չի մարում զինված հակամարտությունը: Եմենում շարունակվում են ռազմական գործողությունները իշխանությունը զավթած «Անսար Ալլահ» շարժման ապստամբների (հուսիտների) և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների միջև մի կողմից, և բանակի մի մասի հետ, որը նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի կողմնակից է և որին սատարում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, մյուս կողմից: