29 օգոստոսի 2016 - 17:12 AMT
Միրոնովի կալանավորման միջնորդությունը մերժվել է. Նա ազատ է արձակվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, հայտնում է Tert.am-ը:

Նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը Life.ru-ին ասել էր. «Նրան կասկածում են զենքի ապօրինի վաճառքին մեղսակից լինելու մեջ: Իմ պաշտպանյալն այդ մասին ոչինչ չգիտեր: Նա ընդամենը ծրագրավորող է Մինսկի «Սինեզիս» ՏՏ ոլորտի ընկերությունում: Ընկերությունը համացանցի միջոցով որսորդական զենք է վաճառում, իսկ Սերգեյը ֆիրմայի ներկայացուցիչն է եղել Մոսկվայում»:

Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվել է դատախազության միջնորդությունը՝ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ:

Դատարանում նախքան դատական նիստի մեկնարկը Սերգեյ Միրոնովն ասել էր, որ տեղի ունեցածը սխալմունք է և հույս էր հայտնել, որ առաջիկայում հարցը կլուծվի:

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է: