30 օգոստոսի 2016 - 11:57 AMT
ԼՂՀ ՄԻՊ. Պետք է պարզաբանել Խանումյանի գործով մեղադրյալների արարքների վերաորակման հիմնավորումը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել 2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստի գործի ընթացքի վերաբերյալ` նշելով, որ գործը հասկանալիորեն ստացել է հանրային լայն արձագանք, իսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը դարձել է հանրային ուշադրության առարկա։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնության գործադրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է բռնարարքը, ինչպես նաև ընդգծել է քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն իրազեկելու անհրաժեշտությունը: Նույն հայտարարությամբ օմբուդսմենը նաև հանձնառություն է ստանձնել հետևելու փաստի վերաբերյալ քննության ընթացքին:

Նշվում է, որ գործով նախաքննության ընթացքում օմբուդսմենի աշխատակազմն առանձին վարութային հարցերի շուրջ դիմումներ է ստացել տուժողի ներկայացուցչից և մեղադրյալների պաշտպանից, որոնք որոշմամբ ընդունվել են քննարկման:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննության հատկապես սկզբնական փուլում հանրությանն իրազեկելու գործառույթը հիմնականում իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնավորապես` պարբերաբար հաղորդագրություններ են տրվել` հայտնելով արարքի սկզբնական որակումը (առևանգում), բացահայտելով կատարվող դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը, այնուհետև` տեղեկացնելով ենթադրաբար հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (ձերբակալում, կալանավորում) կիրառելու մասին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է նաև, որ ներկայում հանրային ուշադրության առարկա է դարձել, մասնավորապես, մեղադրյալների արարքները առևանգումից (ծանր հանցագործություն) խուլիգանության (միջին ծանրության հանցագործություն) վերաորակելու փաստը: Իսկ նշված որոշման դեմ տուժողի ներկայացուցչի բողոքը դատախազական հսկողություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է: Հանրային ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը մեղադրյալների նկատմամբ կիրառելու հնարավորություն:

Վերոգրյալը հաշվի առնելով` մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:

Իրավական գործընթացի հանգուցալուծումից հետո մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ, ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 6-ին ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանն առևանգվել և ծեծի էր ենթարկվել: Մեկնաբանելով բռնության դրվագը, Խանումյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը. «Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:

Հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էին մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ, 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը, ովքեր ձերբակալվել էին: Ինչպես հայտնում են ԼՂՀ ոստիկանությունից, Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։