30 օգոստոսի 2016 - 16:34 AMT
Խանումյանին ծեծելու դեպքով հարուցված քրգործը կարճվել է. Որոշումը կբողոքարկվի

ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը համաներման հիմքով կարճվել է: Այդ մասին ասել է ինքը Խանումյանը, հայտնում է Tert.am-ը:

«Այսինքն՝ համաներումով ազատ կարձակվեն մեղադրյալները»,-ասել է նա և նշել, որ տեղի բոլոր դատական ատյանները սպառելով՝ կբողոքարկեն այս որոշումը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ համաներում էր հայտարարվել, որից հետո Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործը վերաորակվել էր՝ առևանգումից դառնալով խուլիգանություն: Խանումյանը հայտարարել էր, որ սա արվել է, որպեսզի համաներումը տարածվի մեղադրյալների վրա:

Ավելի վաղ Հայկ Խանումյանի քրգործի մասին հայտարարությամբ հանդես էր եկել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշել էր, որ Դատախազությունը պետք է պարզաբանի մեղադրյալների արարքների վերաորակման հիմնավորումը:

Հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում ծեծի էր ենթարկել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: Ավելին՝ հայտնի դարձավ, որ Հայկ Խանումյանին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որը իրեն անձամբ տվել է Սամվել Բաբայանը:

Գործով երեք մեղադրյալները կալանավորված են: