31 օգոստոսի 2016 - 12:24 AMT
Ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը՝ երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր

Ֆրանսիայի Մակոն քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ):

50 կգ քաշային Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտում ոչ մի հնարավորություն չտվեց ադրբեջանցի Զիյադ Զեյնալովին (8:0): Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց իտալացի մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 4:8 հաշվով զիջեց ռուս Վլադիսլավ Մելնիկովին: Սիմոնյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:1 հաշվով հաղթեց ղրղզ Ադիլեթ Թալայբեկովին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

60 կգ քաշային Գևորգ Խումարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ուզբեկստանի ներկայացուցչին, սակայն ուկրաինացի մարզիկի արգելքը հաղթահարել չկարողացավ և դուրս մնաց հետագա պայքարից:

74 կգ քաշային Արման Բաղդասարյանը առաջին գոտեմարտում 2:5 հաշվով պարտվեց ռումինացի Գեորգի Մարիեային, ով հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց հայ մարզիկին սփոփիչ գոտեմարտ անցկացնել թուրք մարզիկի հետ: Սակայն Բաղդասարյանը ևս պարտվեց:

Օգոստոսի 31-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: