ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևան ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտարարում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ անդրադառնալով վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին:
Նախարարությունն ընդգծում է, որ դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ։
«Գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենևին էլ նոր չեն։ Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում։
Պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռևս 2016-ի մայիսի 12-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 մլն. դոլարի վարկ։ Բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևան ՋԷԿ»-ի պարտքի մասնակի մարմանը», - պարզաբանվում է նախարարության հաղորդագրությունում։
Նշվում է, որ էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52.3 միլիոն, այլ՝ 33.8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։
Տեղեկացվում է նաև, որ «Երևան ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ «Արդյունքներն արդեն տեսանելի են», - ասվում է հայտարարությունում։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել «Երևան ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը։