1 սեպտեմբերի 2016 - 10:14 AMT
Չավուշօղլու. Եթե քրդերը Սիրիայում չնահանջեն, Թուրքիան կկորցնի վստահությունն ԱՄՆ հանդեպ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է կորցնել իր վստահությունն ԱՄՆ հանդեպ, եթե ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական խմբավորումները չնահանջեն դեպի Եփրատի արևելք, հայտնում է Tert.am-ը թուրքական «Միլլիյեթի» վրա հղումով:

«ԱՄՆ-ն հավատացնում էր մեզ, թե իրենց կողմից աջակցություն վայելող քրդական խմբավորումները կտեղափոխվեն Եփրատի արևելյան ափ: Եթե դա տեղի չունենա, ապա Թուրքիան կարող է կորցնել իր վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ և իրավացի կլինի: «Եփրատի վահան» ռազմական գործողությունը Սիրիայում շարունակվելու է այնքան, մինչև PYD-ը (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) հետ չքաշվի: Մեր թիրախում են հայտնվելու բոլոր այն խմբավորումները, որոնք սպառնալիք են Թուրքիայի համար», - ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն առանց այդ էլ գտնվում են բարդ փուլում՝ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ կապված:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: