1 սեպտեմբերի 2016 - 17:11 AMT
Արցախում առաջին դասարան է գնացել 2600 աշակերտ

Սեպտեմբերի 1-ին, որպես Գիտելիքի, գրի ու դպրության օր և Արցախի հանրապետության բոլոր հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական դպրոցներում և բուհերում հնչել է Առաջին զանգը, հայտնում է Արցախպրեսը:

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը ասել է, որ այսօր Արցախի բոլոր ուսումնկան հաստատություններում կայացել է «ԼՂՀ-ն 25 տարեկան է» խորագրով անկախության դասը:

«Այս դասը մեկնարկն էր նոր ուսումնական և նաև մեր հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առիթներով: Այս տոն օրերի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր դպրոցականներին, հատկապես 2600 առաջին դասարանցիներին»,-ասել է Ս. Ասրյանը:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցում հնչել է առաջին զանգը: «Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի մոտ 40.000 երեխա, ինչը մի փոքր ավելի է, քան անցած տարի»,- հայտնել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ դասերը հիմնականում կլինեն հինգօրյա: