2 սեպտեմբերի 2016 - 15:38 AMT
Մերկելը մտադիր չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևից, հայտնում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգը»:

Ըստ Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ներկայացուցիչ Ֆոլկեր Քաուդերի, Գերմանիայի կանցլերն իր հետ զրույցում հաստատել է, որ հետագայում ևս մտադիր է սատարել խորհրդարանի դիրքորոշմանը:

Ավելի վաղ գերմանական «Շպիգել» հանդեսը գրել էր, որ ԳԴՀ մի շարք նախարարներ միասնական կարծիք են ձևավորել Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես ակնկալվում էր, Շտեֆեն Զայբերտը պետք է ելույթ ունենար լրագրողների առջև Գերմանիայի կառավարության անունից`բանաձևին չսատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հայտնում է swissinfo-ին:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի պահանջը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե Բունդեսթագի պատգամավորները կկարողանան մուտք գործել Թուրքիայի տարածք` այցելել «Ինջիրլիք» ռազմակայան, եթե ԳԴՀ կառավարությունը մերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը:

Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: