2 սեպտեմբերի 2016 - 16:44 AMT
Գերմանիայի ԱԳՆ. Շտայնմայերն աջակցել և աջակցելու է Ցեղասպանության մասին բանաձևին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ կողմ է Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, համաձայն որի հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակվում են որպես ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Շտայնմայերն աջակցել, աջակցում ու աջակցելու է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին: Նա ինքը պատգամավոր է, այդ իսկ պատճառով փաստաթղթի ընդունմանը «նաև անձնապես» է վերաբերում»,- ասել է նա:

Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին: Ինչպես նաև արգելել էխորհրդարանականների մուտքը«Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Կարդացեք նաև՝ Շտայնմայերը մերժել է Չավուշօղլուի պահանջը. Կառավարությունը չի հրաժարվի Ցեղասպանության բանաձևից