3 սեպտեմբերի 2016 - 10:20 AMT
Արցախում զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց: