3 սեպտեմբերի 2016 - 11:42 AMT
Թարիվերդիևի 85-ամյակին ցուցահանդես է բացվելու Մոսկվայում

Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված «Առաջինից մինչև վերջին ակնթարթ» խորագրով ցուցահանդես է բացվելու Մոսկվայում՝ Գլինկայի անվան երաժշտական արվեստի կենտրոնական թանգարանում:

Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան հայտնել է՝ սա արդեն երրորդ ցուցահանդեսն է, որ պատրաստում են Գլինկայի թանգարանի հետ համատեղ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Ցուցահանդեսում շեշտը դրված է լինելու կոմպոզիտորի՝ ֆիլմերի համար ստեղծած երաժշտության վրա: Ներկայացվելու են նաև կոմպոզիտորի ձեռագրերը, լուսանկարչական աշխատանքները, նրա լուսանկարչական ապարատը, աստղադիտակը և այլ անձնական իրեր:

Ցուցահանդեսի բացումից հետո կայանալու է համերգ:

Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։

Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտի, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: