3 սեպտեմբերի 2016 - 12:36 AMT
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քարիմովի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի ժողովրդին և ղեկավարությանը` նրանց համար ծանր կորստի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ:

Նախագահականից հայտնում են, որ ժամանակակից Ուզբեկստանի պետականության զարգացման գործում կարևորելով երկար տարիներ այդ երկրի առաջնորդը եղած Իսլամ Քարիմովի դերը` նախագահը համոզվածություն է հայտնել, որ Ուզբեկստանի ժողովրդին հատուկ տոկունությունն ու կյանքի էներգիան թույլ կտան հաղթահարել այս ծանր փորձությունը, էլ ավելի ամուր համախմբվել հանուն Ուզբեկստանի Հանրապետության ամրապնդման ու բարգավաճման:

«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Հայաստանից Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը կմասնակցի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա արդեն մեկնել է Սամարղանդ:

Նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2-ին ։ Նա 78 տարեկան էր: Քարիմովին հուղարկավորելու են իր հայրենի քաղաք Սամարղանդում: Երկրում հայտարարված է եռօրյա սուգ:

Կարդացեք նաև՝ Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվել է. Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին