3 սեպտեմբերի 2016 - 12:53 AMT
Գերմանահայերը վրդովված են Ցեղասպանության հարցում Բեռլինի դիրքորոշումից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը չի հրաժարվի Գերմանիայի Բունդեսթագի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից` միաժամանակ նկատելով, որ խորհրդարանի բանաձևը «իրավաբանորեն պարտավորեցնող չէ»: Այս տեսակետը խիստ քննադատության է արժանացել Գերմանիայի հայ համայքնում, գրում է Deutsche Welle-ն:

Մերկելը սեպտեմբերի 2-ի իր ելույթում ասել է, որ խորհրդարանական ցանկացած բանաձև չի կարելի «կատարման համար իրավաբանորեն պարտավորեցնող համարել», դրանք ուղղակի «քաղաքական հայտարարություններ են»: Նույն համատեքստում է արտահայտվել նաև Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Ավելի վաղ գերմանական «Շպիգել» հանդեսը գրել էր, որ ԳԴՀ մի շարք նախարարներ միասնական կարծիք են ձևավորել Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես ակնկալվում էր, Շտեֆեն Զայբերտը պետք է ելույթ ունենար լրագրողների առջև Գերմանիայի կառավարության անունից` բանաձևին չսատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ:

Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Սամուել Լուլուկյանը խստորեն քննադատել է Բեռլինի դիրքորոշումը: «Դա ամոթալի է և քաոսային. Ինչպե՞ս կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն իրավական պարտավորություններ չենթադրել»,-ասել է Լուլուկյանը Rheinische Post-ին թերթին տված հարցազրույցում` «բառախաղ» անվանելով դա:

Նույն տեսակետն է հայտնել նաև Գերմանա-հայկական ընկերակցության ներկայացուցիչ Րաֆֆի Քանթյանը: Բացի այդ, նա մտավախություն է հայտնել, որ այժմ ավելի քիչ կխոսվի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին, ինչը խորհուրդ էր տրվում Բունդեսթագի բանաձևում: Մինչ օրս, ըստ Rheinische Post-ի, այդ թեման արծարծվել է միայն Բրանդենբուրգի դաշնային շրջանի դպրոցներում:

Միչդեռ Թուրքիայի կառավարական շրջանակներում Բեռլինի պաշտոնական տեսակետը հավանության է արժանացել: «Դրական» ընկալման մասին է հայտարարել Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Ռեֆիկ Սողուկօղլուն: «Մենք գնահատում ենք Զայբերտի խոսքերն այն մասին, որ դատարանները, ոչ թե խորհրդարանը պետք է որոշեն, թե ինչ է ցեղասպանությունը»,-ասել է դիվանագետը:

Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: