5 սեպտեմբերի 2016 - 13:23 AMT
The Guardian. Համասյանի անդրադարձը Կոմիտասին հատուկ քնարականություն է հաղորդում նոր ալբոմին

The Guardian-ի գլխավոր ջազային քննադատ Ջոն Ֆորդհեմն անդրադարձել է հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի նոր Atmosphères ջազ ալբոմին: Համասյանն ալբոմը թողարկել է 3 նորվեգացի երաժիշտ Արվե Հենրիկսենի, Էյվինդ Օրսեթի և Յան Բանգի հետ համագործակցությամբ:

«Որպես խարիզմատիկ երիտասարդ ամերիկահայ դաշնակահար Տիգրան Համասյանը հենց սկզբից պարզ հասկացրեց, որ իր ծագումը մշտապես սնելու է իր երաժշտությունը, որքան էլ այն էկլեկտիկ ու եվրոպականացված դառնա»,-ասել է Ֆորդհեմը:

«Համասյանի անդրադարձը ժողովրդական երաժշտությանը (մասնավորապես, լեգենդար հայ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին) առանձնահատուկ քնարականություն է հաղորդում այդ նոր էլեկտրաակուստիկ քառյակին, որտեղ հնչում է Արվե Հենրիկսենի շեփորը, էյվինդ Օրսեթի կիթառը և նորագույն էլեկտրոնիկան Բանգի կատարմամբ»,-ասվում է հոդվածում:

Ջազային քննադատը նշել է քառյակի բոլոր արժանիքները` հավելելով, որ երիտասարդներին մեծ ապագա է սպասում: Օգոստոսի 23-ին Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իր նոր Atmosphères ալբոմը թողարկվելու է մի քանի օրից: Նա նշել էր, որ ալբոմում տեղ գտած ստեղծագործությունների 95 տոկոսն իմպրովիզացիա է: Ալբոմը ձայնագրվել է 2 օրում շվեյցարական Լուգանոյի ձայնագրման ստուդիաներից մեկում:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։

Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։

2015-ին Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» նախագծին ծանոթացան եվրոպական տարբեր երկրներում: Ապրիլի 17-ից մինչև մայիսի 30-ը նա համերգ է տվել Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Գերմանիայի եկեղեցիներում ու համերգասրահներում, և հանդիսատեսի 98%-ն օտարերկրացիներ էին, որոնք գալիս էին լսելու ու ծանոթանալու իր մշակած հայկական հոգևոր երաժշտությանը: «Բոլոր համերգների ժամանակ դահլիճը լեփ լեցուն էր: ։