5 սեպտեմբերի 2016 - 11:24 AMT
ԱԳ նախարար. ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսելու ժամանակն է

ԵՄ-ի համար վաղուց եկել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու ժամանակը: Այս մասին Բրատիսլավայում սեպտեմբերի 3-ին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Սլովակիայի նախագահության և ԵՄ անդամ երկրների մտադրությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացին։

«Ռիգայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ COSME և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները», - իր ելույթում ասել է նախարարը:

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են»։

Արտգործնախարարների հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը 2015-ի հուլիսին ՀՀ կատարած այցի շրջանակում նշել է, որ Եվրամիությունը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, առաջ գնալ, շուկաներ բացել, նպաստել ժողովրդավարության զարգացմանը գործարար ներդրումների բարելավմանը:

«Մեր համագործակցության կարևոր ոլորտ է Հայաստանի և Եվրամիության միջև ճանապարհորդության դյուրացումը: Ես ողջունում եմ շարժունակության դյուրացման հարցերում Հայաստանի առաջընթացը: Ռեադմիսիայի և վիզայի դյուրացման համաձայնագրի արդյունավետ իրագործումը վճռական պայման է վիզայի ազատականացման երկխոսությունն սկսելու համար: Ազատ վիզային ռեժիմը վերջնական նպատակն է: Հուսով եմ, որ մյուս քայլը կարելի կլինի կատարել հաջորդ ամիսներին»,-ընդգծել է Տուսկը: