Իրանի Սպահան քաղաքի հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին ներառվել է Իրանի այն տեսարժան վայրերի ցանկում, որոնք պարտադիր են բրիտանացի զբոսաշրջիկների այցելության համար: Ցանկը կազմել է բրիտանական International Business Times-ը:
Պարբերականը կազմել է Իրանում 30 ամենահետաքրքիր վայրերի ցանկը այն բանից հետո, երբ բրիտանական ազգային ավիափոխադրողը կրկին սկսեց ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Լոնդոնից Թեհրան:
Սբ Ամենափրկիչ եկեղեցին կամ Վանքը Ջուղայի գլխավոր տեսարժան վայրն է: Այն կառուցվել է 1600-ական թվականներին:
Վանքի շինարարությունը սկսվել է 1606թ. և ավարտվել է 1655-1664թթ. Դավիթ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ:
Համալիրը բաղկացած է մեծ եկեղեցուց, մի քանի թանգարանից, պատերով պարփակված ներքին բակից: Հայկական վանքում նկատելի են արևելյան և քրիստոնեական մշակույթների տարրեր: Դրսից դա միագույն աղյուսաշեն կառույց է գմբեթներով և կամարներով, ներսից`գեղանկարչության յուրօրինակ թանգարան: Բոլոր պատերն ու առաստաղները նկարազարդված են քրիստոնեական որմնանկարներով, սրբապատկերներով և արևելյան նախշերով: Վանքի մուտքի մոտ տեղադրված է արքեպիսկոպոս, XVI- XVII դարասկզբի հոգևոր և կրթական գործիչ Խաչատուր Կեսարացու հուշարձանը:
Վանքից բացի, ցուցակում ընդգրկվել են Դեմավենդ լեռը, Սպահանի շուկան, Ալի Կապու պալատը, Սպահանի Ալլահվերդի խանի կամուրջը, Պերսեպոլիսը, Գոլեստանի պալատը Թեհրանում, Զագրոսի լեռնաշղթան և այլ տեսարժան վայրեր:
British Airways-ը շաբաթական 6 չվերթ է իրականացնում դեպի Իրան, հետագայում դրանց քանակը կավելանա:
2016-ի սկզբին ԱՄՆ-ն չեղարկեց Իրանի դեմ գործող պատժամիջոցները: Իրանը ստացավ իր սառեցված ավելի քան 100 մլրդ դոլար ակտիվները և ավելացրեց նավթի արտահանումը:
Հուլիսին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանվեց Իրանի և ՀՀ քաղաքացիների համար:
Ընթերցեք նաև. Ուր այցելի հայաստանցին Իրանում