6 սեպտեմբերի 2016 - 11:24 AMT
Օբաման` էրդողանին. Քրդական ուժերը Սիրիայում հետ են քաշվել դեպի Եփրատի արևելյան ափ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են քրդական հարցը, հայտնում է Tert.am-ը թուրքական t24.com.tr կայքի վրա հղումով:

Օբաման Էրդողանի հետ զրույցում հայտնել է, որ քրդական ուժերը Սիրիայում հետ են քաշվել դեպի Եփրատի արևելյան ափ:

Էրդողանը, իր հերթին, հայտնել է, որ «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ամբողջությամբ իր հսկողության տակ է առել Սաջուր գետի հյուսիսային ափը և մտադիր է մտնել Մանբիջի շրջան:

«Եթե ձեր ասածի պես քրդերը հետ են քաշվել, ուրեմն «Սիրիական ազատ բանակը» կարող է Մանբիջ մտնել առանց մարտերի»,- ասել է Էրդողանն Օբամային:

Էրդողանը G20 գագաթնաժողովին մեկնելուց առաջ մամուլի ասուլիս էր տվել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում: Նա բավականին կոշտ ձևակերպումներ էր օգտագործել ԱՄՆ-ի հասցեին և հայտարարել, որ անկախ ԱՄՆ-ի կողմից արվող հայտարարությունների՝ իրենք շարունակելու են հարվածել Սիրիայում քրդական ուժերի դիրքերին: «Մենք չենք հավատում, որ քրդական ուժերն անցել են Եփրատի արևելյան ափ: Չեն անցել: Թող ոչ ոք մեզ չխաբի», - ասել էր Էրդողանը:

Նա շեշտել էր, որ իրենք շարունակելու են թիրախավորել քրդական ուժերի դիրքերը Սիրիայի հյուսիսում, և կրկին հայտարարել, որ իրենց համար ոչ մի տարբերություն չկա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և քուրդ զինյալների միջև:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է կորցնել իր վստահությունն ԱՄՆ հանդեպ, եթե ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական խմբավորումները չնահանջեն դեպի Եփրատի արևելք:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: