«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Սիրիայում տեղի ունեցած պայթյունների համար:
Մահապարտները սեպտեմբերի 5-ի առավոտյան մի շարք պայթյուններ են իրականացրել սիրիական Դամասկոս, Տարտուս, Հոմս և Էլ Հասակե քաղաքներում: Վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 50 մարդ:
Ավելի վաղ խմբավորումը ստանձնել էր պատասխանատվությունը սիրիական Հասակեում պայթյունի համար: Մի շարք սիրիացի փորձագետների կարծիքով, ահաբեկչությունների շարքը Սիրիայում կարող է պատասխանը լինել Հալեպում սիրիական բանակի հաջողություններին, որտեղ կառավարական զորքերը սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ ազատագրել են ռազմական ուսումնարանների տարածքները քաղաքի հարավում և դրանով իսկ կրկին սեղմ օղակի մեջ առել ահաբեկիչներին Հալեպի արևելյան արվարձաններում:
Պայթյունները որոտացել են գրեթե միաժամանակ: Նախ Տարտուս քաղաքում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն: Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչից հետո պայթուցիկ սարք է գործի դրել մահապարտ ահաբեկիչը: SANA-ի փոխանցմամբ՝ այդ ահաբեկչության հետևանքով մահացել է 11, վիրավորվել՝ մոտ 45 հոգի:
Եվս երկու հոգի մահացել են Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի արվարձաններից մեկում, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Հինգերորդ պայթյունը տեղի է ունեցել Հասաքե քաղաքում, զոհվել է 5 մարդ: