
Երևանի Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին ասել է Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«5 օր ժամանակ եմ խնդրել, որպեսզի ծանոթանամ գործի նյութերին, իսկ այնուհետև եթե միջնորդություն չներկայացնեմ, մեղադրանքը կհաստատվի, գործը կուղարկվի դատարան ու կնշանակվի դատական նիստի օրը»,- ասել է փաստաբանը, գրում է Tert.am-ը:
Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:
Օգոստոսի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: