30 ապրիլի 2007 - 16:06 AMT
ԼՂՀ նախագահը եւ ՀՀ ՊՆ-ն քննարկել են Հայաստանի եւ Ղարաբաղի ԶՈՒ համագործակցության հարցերը
Հանդիպման ընթացքում, որ անցել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Միքայել Հարությունյանին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ցանկանալով նրան արդյունավետ աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում: Ինչպես հաղորդել է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում եւ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում երկու հայկական պետությունների զինված ուժերի համագործակցության հետ կապված հարցերը:

Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԼՂՀ նախագահը քննարկել են նաեւ հայոց բանակի մասնակցությամբ եռակի տոնակատարությանը` Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: