7 սեպտեմբերի 2016 - 12:21 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Իրավիճակը Կովկասում «կայուն բարդ է»

Իրավիճակը Կովկասում կարելի է գնահատել որպես կայուն բարդ և դրա պատճառները հայտնի են: Այսպիսի հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-ռուսական համագործակցության որոշ հարցերին, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Միևնույն ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորմանն առնչվող հարցերը: «Ինչ վերաբերում է միացյալ խմբավորմանը, ապա դրանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, ես չէի մեկնաբանի այդ հարցերը, քանի որ դրանք առնչվում են ռուս-հայկական ռազմական համագործակցությանը»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում: 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը: Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարն է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: