30 ապրիլի 2007 - 17:03 AMT
Ռուսաստանը կֆինանսավորի՞ նոր ԱԷԿ-ի կառուցումը Հայաստանում
Ռուսական կողմը պատրաստ է լիովին ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով աղբյուրին Հայաստանի կառավարությունում: Նրա խոսքերով, այդ առումով որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել կողմերի միջեւ Ռուսաստանի Ատոմային էներգիայի դաշնային գործակալության` Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի, ներդրումների փոխարեն Ռուսաստանը կդառա նոր Հայկական ԱԷԿ-ի համասեփականատերը: Այսուհետ Ռուսաստանը կհավակնի ռուս մասնագետների մասնակցությամբ արտերկրում կառուցվող ատոմային կայանների մասնաբաժնին: Ռոսատոմում ասում են, որ դա կարող է լինել 5-ից մինչեւ 20-30 տոկոսը:

Ինքը Կիրիենկոն Երեւանում հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է մասնագետներ տրամադրել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հետ կապված անհրաժեշտ աշխատանքների կատարման համար: Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր ատոմակայան կառուցել, քանի որ երկիրն այլ հնարավորություն չունի լրացնելու համար Մեծամորի Հայկական ատոմակայանի հզորությունները նրա փակումից հետո:

Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ունենա ատոմային էներգետիկա եւ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են:

Նշենք, որ գործող ՀԱԷԿ-ի փակման համար «կանաչ մարգագետնի» մեթոդով կպահանջվի շուրջ 240 մլն դոլար: Նրա շահագործման ժամկետը, ըստ տեխնիկական պահանջների, ավարտվում է 2016 թվականին, սակայն Հայաստանը, ստորագրելով Նոր եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, պարտավորվել է փակել ատոմակայանը հնարավորինս սեղմ ժամկետում: