7 սեպտեմբերի 2016 - 16:43 AMT
ՀԱՊԿ-ը կգլխավորի ՀՀ ներկայացուցիչը. Նշանակումը՝ հոկտեմբերի 14-ին

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Իմ հետնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի Հայաստանի ներկայացուցիչը, կոնկրետ ով, հիմա չեմ կարող ասել…Նրա անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ՀԱԽ նիստում»,-ասել է Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ասվում է նաև, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը համաձայնեցրել է Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգը, որն անցնելու է նախագահների մակարդակով:

Նիստն անցել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:

Դեռևս 2015-ի դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին պետք է որոշվի, թե ով է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ով է այդ պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային: «Ամենայն հավանականությամբ, գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, համենայն դեպս՝ սա տրամաբանական է», - ասել էր ՌԴ նախագահի օգնականը:

ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: