8 սեպտեմբերի 2016 - 11:14 AMT
Հունաստան փախչելու ճանապարհին Թուրքիայի ռազմածովային ուժերի 2 հրամանատար է ձերբակալվել

Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի երկու հրամանատար, նրանք պատրաստվում էին փախչել Հունաստան: Ծովակալներ Հայրեթթին Իմրանը և Նազմի Էքիջին մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության համար:

Թուրքական Anadolu գործակալությանը հղումով Tert.am-ը գրում է, որ Իմրանն ու Էքիջին ձերբակալվել են Ստամբուլի Թուզլա թաղամասում, որտեղ նրանք թաքնվել էին ծովային ուժերի գնդապետ Քամիլ Ալթընի դստեր կողմից վարձակալված տանը: Գնդապետն ու իր դուստրը նույնպես ձերբակալված են:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: