8 սեպտեմբերի 2016 - 11:59 AMT
Ռուսաստանը հնարավոր է հյուրընկալի «Եվրատեսիլ-2017»-ը Ուկրաինայի փոխարեն

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը կարող է անցկացվել Ռուսաստանում, եթե մինչև հոկտեմբերի սկիզբ Ուկրաինան չորոշի, թե մրցույթը որ քաղաքում է անցկացվելու:

Ուկրաինայի հիմնական հավակնորդ քաղաքներն են՝ Կիև, Դնեպր ու Օդեսա: Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունից հայտնել էին մամուլի ասուլիսը հետաձգելու մասին, որի ընթացքում պետք է հայտարարվեր, թե որ քաղաքում է անցկացվելու «Եվրատեսիլ-2017»-ը: Մրցութային հանձնաժողովը դա բացատրել էր ֆինանսական բնույթի խնդիրների առաջացման պատճառով, «Իզվեստիա»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ եթե մինչև հոկտեմբերի սկիզբը Կիևի իշխանությունները չհստակեցնեն, թե որտեղ է անցկացվելու մրցույթը, ֆինանսավորման աղբյուրները, միջոցառման անցկացման իրավունքը կարող է անցնել այլ երկրի:

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր երկրում: Մրցույթում երկրորդ տեղը գրաված Ավստրալիան մասնակցում է մրցույթի կազմակերպչական աշխատանքներին, սակայն մրցույթը պետք է անցկացվի եվրոպական տարածքում: Ըստ կանոնների, մրցույթը կարող է անցկացվի Ռուսաստանում, քանի որ այդ երկիրը զբաղեցրել է երրորդ տեղը: