ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում հաստատել էր որոշման նախագիծ, համաձայն որի 2016-ի սեպտեմբերի 12-ը ոչ աշխատանքային օր է լինելու, իսկ դրա փոխարեն աշխատանքային է լինելու 2016-ի սեպտեմբերի 17-ը (շաբաթ օր): Սակայն այսօր՝ սեպտեմբերի 8-ի նիստում գործադիրը որոշում է կայացրել, համաձայն օրի սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ դրան նախորդող շաբաթ օրը ընտրական հանձնաժողովի անդամները բազմաթիվ աշխատանքներ ունեն անելու, ապա մի շարք քննարկումների արդյունքում առաջարկվում է աշխատանքային օրը սեպտեմբերի 17-ից տեղափոխել սեպտեմբերի 24, գրում է Panorama.am-ը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը պաշտոնապես հինգ Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց) ունի, չհաշված հիշատակի համազգային օրը՝ ապրիլի 24-ը։ Մեռելոցները նշվում են 5 մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, որոնք 2008-ից սկսած ոչ աշխատանքային են՝ հաջորդ շաբաթ օրը տեղափոխվելու հաշվին։ Որոշումը ՀՀ կառավարությունը ժամանակին ընդունել էր Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Հասարակության շրջանում շատերը դեմ են արտահայտվում այդ ավանդույթին: Բազմաթիվ կազմակերպություններ երբեմն տուժում են երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելով, մեռելոցի օրերին դիվանագիտական ներկայացուցչությունները փակ են, փոխարենը պարտադրված են աշխատել շաբաթ օրերին: