8 սեպտեմբերի 2016 - 15:26 AMT
Նախարար. Սրտի անհետաձգելի վիրահատության պետպատվերի գները հաջողվել է նվազեցնել

Հայաստանում սրտի անհետաձգելի վիրահատության պետպատվերի գները հաջողվել է նվազեցնել: Այս մասին ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ավարտին Հայաստանում սրտի վիրահատական ծառայությունների հետ կապված հայտարարության ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: «2015թ. հունվարից մեկնարկեց «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը: Պետպատվերի գինը վերանայվել է՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար: Այսօր կարող ենք փաստել՝ հաջողվել է պետպատվերի գները նվազեցնել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արդյունքում յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ:

Մուրադյանի խոսքով, բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է վերանայել վճարովի ծառայությունների գները` այն համահունչ դարձնելով պետական պատվերով մատուցվող ծառայությունների գներին:

Առաջինը արձագանքել են «Գյումրու բժշկական կենտրոն»-ը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը»: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ»,- ասել է Մուրադյանը, գրում է Panorama.am-ը:

Միաժամանակ տեղեկացվել է, որ նվազել է նաև հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվող «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղի ներկրման գինը՝ 10.000-ից դառնալով 4210 հազար դրամ: Արմեն Մուրադյանն, անդրադառնալով առհասարակ դեղերի շուկայական գներին, հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այսպիսով՝ օգոստոս-սեպտեմբերին դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6.06%-ով սով:

Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը:

Կարդացեք նաև՝ «Արամյանց» բժշկական կենտրոնը նույնպես նվազեցրել է սրտի ստենտավորման գները