Նոյեմբերին Ադրբեջանը, ինչպես նաև Բրազիլիան և Գվատեմալան, կարող են պաշտոնապես հայտարարվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջներին չհամապատասխանող երկրներ: Այդ մասին հայտարարվել է կանադական Մոնրեալում ընթացող WADA-ի անկախ կոմիտեի նիստում:
Ավելի վաղ հայտնի դաևձավ, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է որակազրկվել 1 տարով: Որակազրկման սպառնալիք առաջացավ, երբ ևս մեկ ադրբեջանցի ծանրորդի արյան մեջ հայտնաբերվեցին խթանիչի հետքեր:
Ադրբեջանը, Բրազիլիան և Գվատեմալան այս պահի դրությամբ չեն համապատասխանում WADA-ի 2015-ի կանոնադրության պահանջներին, հայտնում է Haqqin.az-ը Insidethegames-ի վրա հղումով:
«Եթե այդ հարցերն այդպես էլ չլուծվեն, կոմիտեն խորհուրդ կտա վերոնշյալ երկրներն ընդգրկել պահանջներին չհամապատասխանողների ցանկում»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել նաև Ակադեմիական թիավարության միջազգային ֆեդերացիան, երբ հայտնի է դարձել, որ 2015-ին Ադրբեջանի թիավարության ազգային ֆեդերացիան միայն 2 անգամ է մարզիկների կողմից խթանիչների օգտագործման ստուգում անցկացրել:
«Ադրբեջանի պաշտոնյաներն այն ժամանակ հայտարարեցին, որ միջոցներ չունեն ստուգումների համար, քանի որ բյուջեն ամբողջությամբ ծախսել են Եվրոպական խաղերի կազմակերպման վրա»,-գրում է Insidethegames-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը զրկվել է օլիմպիական բոլոր արտոնագրերից ծանրամարտում: Ադրբեջանը զրկվել է 6 ծանրորդի հավաքած բոլոր միավորներից, որոնց արյան մեջ ԱԱ-2015 արդյունքներում խթանիչ է հայտնաբերվել: Արդյունքում օլիմպիական տղամարդկանց աղյուսակում այդ երկիրը 16-րդ տեղից նահանջել է 31-րդը, որի համար Օլիմպիադայի մասնակցության արտոնագրեր չեն տրվում, քանի որ դա նախատեսված է միայն լավագույն 24 երկրի համար: