Հյուսիսային Կորեան (ՀԿԺՀ) պաշտոնապես ճանաչել է միջուկային փորձարկման փաստը: Այդ մասին ասվում է այդ երկրի Միջուկային զենքի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին «ՑՏԱԿ» գործակալության վրա հղումով:
Միջուկային փորձարկումն իրականացվել է սեպտեմբերի լույս 9-ի գիշերը`ՀԿԺՀ հռչակման 68-րդ տարեդարձի օրը:
Նշվում է, որ փորձարկման նպատակը ստանդարտացված միջուկային մարտագլխիկի մարտական կիրառման պարամետրերի մասին տվյալներ ստանալն էր: Այդպիսի մարտագլխիկներ է նախատեսվում տեղադրել ռազմավարական բալիստիկ հրթիռների վրա:
Փհենյանի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք և բնապահպանական աղտոտում չի եղել:
Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրաշարժ: 4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում: Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները:
Ըստ Սեուլի` այս անգամ պայթեցված ռումբի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոննա, ինչը նշանակում է՝ սա Հս. Կորեայի պատմության մեջ խոշորագույն միջուկային փորձարկումն էր:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ՀԿԺՀ նոր միջուկային փորձարկումը և կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել դրան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունները «լուրջ հետևանքներ» կունենան: