2 մայիսի 2007 - 20:17 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Իրաքի շուրջ միջազգային Հուշագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը
Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Իրաքի շուրջ միջազգային Հուշագրի (International Compact with Iraq) պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որը հովանավորվում է ՄԱԿ-ի ու Իրաքի կառավարության կողմից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ԱԳ նախարարների մակարդակով միջոցառմանը կհաստատվի միջազգային հանրության վճռականությունը` նպաստելու Իրաքում կայունության հաստատմանը, Իրաքի վերակառուցմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ելույթներով հանդես կգան մոտ 50 պատվիրակությունների ղեկավարներ: Հանդիպման արդյունքում նախատեսվում է բանաձեւի ընդունում: