10 սեպտեմբերի 2016 - 10:01 AMT
Հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ՊԲ հարավային և արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 25 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց:

Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: