Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին:
Օհանյանն ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության գործում կամավոր զինվորագրվածների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կամավորականների հետ կայացած նախորդ հանդիպումներում բարձրաձայնված խնդրահարույց հարցերին ու հնչեցված առաջարկություններին:
Կարևորելով կամավորական ջոկատների հրամանատարների, աշխարհազորայինների և մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականությունը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը մարտական գործողությունների մասնակիցների գործունեությունը մշտապես հասարակությանը ներկայացնելու, երիտասարդ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:
Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ էին մեկնել հազարավոր կամավորներ: