10 սեպտեմբերի 2016 - 17:29 AMT
Ֆրանսիական Le Figaro-ի անդրադարձը. «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է»

Ֆրանսիական Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին գտնվել է Արցախում, այնուհետև իր տպավորությունների մասին Le Figaro-ում «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է» վերնագրով հոդված է հրապարակել:

Հեղինակը նկատում է, որ 1960-ին Ստեփանակերտում ծնված խորհրդային բանակում պատադիր զինծառայություն անցած (1978-1980) պատմական հուշարձանների վարպետ-ռեստավրատորի մասնագիտություն ընտրած անձը չէր տիրապետում պատերազմի արվեստին: Արցախյան գոյապայքարի ընթացքում նա դարձել է զինվորական գործիչ:

«1991-1994թթ հակամարտությունը վեր հանեց Բակո Սահակյանի` իսկապես առաջնորդ լինելու տաղանդը», - գրում է Տրամբլեն:

Նրա խոսքով, Աղդամի խրամատներում մի սահմանապահ զինվոր ասել է. «Մեր նախագահը մշտապես անկախութան համար պայքար է մղել, այդ թվում և ֆիզիկապես ներկա է եղել մարտին, և մենք գիտենք, որ նա կշարունակի դա անել, առանց տատանվելու և անզիջում»:

«2007-ից Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եղել է Արցախի անկախության համար մղվող պատերազմի (1991-1994) ազատամարտիկներից։ 2016-ի ապրիլին հայկական այս անկլավը դիմակայել է Ադրբեջանի կողմից ձեռնարկած հարձակմանը։ Հրադադարը փխրուն է...

Ք.Ստեփանակերտ: 2016 թ.: 2-ը սեպտեմբերի: Մենք Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ենք։ Տեղի իշխանություններն 11430 կմ2 տարածքով և 150.000 բնակչությամբ այս փոքր երկրի` Արցախի Անկախության 25-ամյակը տոնելու համար ընտրել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրը:

Պաշտոնական շքախումբը առաջնորդում է Բակո Սահակյանը` միջազգային հանրության կողմից չճանաչված և վիճահարույց դե ֆակտո գոյությամբ ԼՂՀ նախագահը։ Անձնավորությունն այս համեստ է, նույնիսկ գաղտնի, ինչը բնական է մի մարդու համար, ով նախքան երկրի բարձրագույն իշխանության պաշտոնում ընտրվելը, 1999-2001թթ.-ին եղել է Ներքին գործերի նախարար, այնուհետև 2001-2007թթ-ին` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն», - մասնավորապես ասված է հոդվածում, գրում է «Արցախպրես»-ը :

Տրամբլեն նշում է, որ Արցախը խորհրդային կայսրության անկման արդյունքում գոյացած «սառեցված հակամարտություններից» մեկն է:

«95% հայերով բնակեցված (քրիստոնյաներով) ազգաբնակչությունն երբեք չի համակերպվել ու չի համակերպվելու 1921թ Մոսկվայի որոշմամբ մահմեդական և թուրքալեզու խորհրդային Ադրբեջանի հետ բռնակցմանը: 1988-ին Հայաստանի հետ վերամիավորվելու անարդյունք հայցից հետո, Արցախը 1991թ-ին հռչակում է իր անկախությունը, ինչն էլ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառ է դառնում: Հայաստանի և Սփյուռքի (աշխարում թվով 7 միլիոն անձ, ում համար այս օազիսը նույն արժեքն ունի, ինչ Արարատ լեռը հայության համար) օժանդակությամբ՝ Լեռնային Ղարաբաղին հաջողվում է ապահովել Հայաստանի հետ կապող ուղի (Լաչինի միջանցքը)»:

Հեղինակը գրում է, որ ԶԼՄ-ների կողմից կարծես մոռացվեց պատերազմի օջախ հանդիսացող Արցախը (այն ժամանակ միջազգային հանրության ուշադրության առարկան նախկին Հարավսլավիան էր): «Արցախցիներին պարտադրված պատերազմում եղավ 30000 զոհ, որից 6000-ը` հայեր և 24000` ադրբեջանցիներ: Կնքվեց հրադադար: Այսօր հրադադարից հետո 200 կմ ձգվող ճակատային սահմանի գծի երկյանքով հակամարտության երկու կողմն էլ ուշադիր հսկում են միմյանց:

ԵԱՀԿ նախաձեռնությամբ ստեղծված Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) իր հովանու ներքո է վերցրել բանակցությունների առաքելություն` փորձելով կողմերի համար որևէ խաղաղ լուծում գտնել: Այս տարվա ապրիլին կողմերի միջև նոր ուժգնությամբ պատերազմ վերսկսվեց: Չորս օր հարկավոր եղավ ԼՂ զինված ուժերին, որ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան (ուր ներգրավված էին զրահամեքենաներ, հրետանի և ռազմական ուղղաթիռներ) հետ մղի»: