4 մայիսի 2007 - 14:43 AMT
ԵԱՀԿ. Առաջիկա ընտրությունները որոշիչ քայլ է ժողովրդավարական Հայաստանի զարգացման ճանապարհին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Զրույցի հիմնական թեման եղել են առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու ընտրական գործընթացի հետ կապված հարցերը:Հանրապետության նախագահի խոսքով, Հայաստանի կյանքում բավականին պատասխանատու ժամանակահատված է, ընտրական գործընթացը թեւակոխել է եզրափակիչ փուլ: Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է կառավարության վճռականությունը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու գործում: Նշելով, որ նախընտրական շրջանը բավականին հանգիստ եւ քաղաքակիրթ ընթացք ունի, Ռոբերտ Քոչարյանն այստեղ կարեւորել է իշխանությունների եւ մասնակից հիմնական քաղաքական ուժերի դերը: Իրենք հերթին, դիվանագետներն այս ընտրությունները գնահատել են որոշիչ քայլ ժողովրդավարական Հայաստանի զարգացման ճանապարհին: Նրանց կարծիքով, մեր երկիրն արդեն իսկ լուրջ առաջընթաց է գրանցել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ, որն իր արտացոլումն է գտել դիտորդական առաքելությունների զեկույցներում: