4 մայիսի 2007 - 15:30 AMT
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ ՀՀՊ տեղակայման մասին. Մենք ավելի էական խնդիրներ ունենք
Վրաստանը չի մասնակցում որեւ է քննարկման իր տարածքում ԱՄՆ ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ, ԱՄՆ ՀՀՊ համակարգի հարցերով Վրաստանի դիրքորոշումը ճշտել է երկրի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին:

Մայիսի 2-ին Financial Times բրիտանական թերթին տված հարցազրույցում Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է դիտարկել իր տարածքում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի տեղակայման հնարավորությունը: «Եթե ամերիկացիները մեզ դիմեն նման խնդրանքով, մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցել»,- թերթը մեջբերել է նախարարի խոսքերը: Ավելի վաղ Կովկասում ՀՀՊ համակարգի ռադիոտեղորոշիչներ տեղադրելու ԱՄՆ-ի ցանկության մասին հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը:

Ուրբաթ օրը տարածած պաշտոնական հայտարարության մեջ Բեժուաշվիլին նշել է. «Ցանկանում եմ ցրել Financial Times թերթում լույս տեսած իմ հայտարարությունների վերաբերյալ թյուրիմացություններն ու տարբեր մեկնաբանությունները, որոնք սխալ են հասկացվել: Իմ հարցազրույցում ես ընդգծել եմ, որ Վրաստանում նման համակարգի տեղակայման մասին որեւէ բանակցություն չի տարվում եւ նման բանակցություններ չեն ծրագրվում: Հետեւաբար, մենք չենք մասնակցում այս հարցով որեւէ քննարկման»,- ասվում է Բեժուաշվիլու հայտարարության մեջ: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ «այս հարցի ցանկացած շահարկում հակաարդյունավետ է»:

«Մենք շատ ավելի կարեւոր խնդիրներ ունենք: Մենք, որպես միջազգային հանրության պատասխանատու դաշնակից եւ անդամ, մեր ներկա եւ ապագա խպնդիրն ենք համարում ժողովրդավարական բարեփոխումների խորացումն ու ընդլայնումը»,- նշում է Բեժուաշվիլին, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: