13 սեպտեմբերի 2016 - 15:39 AMT
Դեսպան. Շուտով կավարտվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասիի հետ հանդիպման ժամանակ:

Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը մեծապես կարևորել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:

ՀՀ դեսպանը նշել է , որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների և կառույցների հետ զարգացնում է համագործակցության և բարիդրացիության սկզբունքներից ելնելով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին, հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծված պայմաններում:

Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար վաղուց եկել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու ժամանակը: «Ռիգայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ COSME և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները», - իր ելույթում ասել է նախարարը:

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են»։