14 սեպտեմբերի 2016 - 12:43 AMT
ԵՄ. ԸՕ-ի վերաբերյալ իշխանության և ընդդիմության փոխհամաձայնությունը դրական զարգացում է

Հայաստանի Հանրապետությունում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա ստորագրումը ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակը:

«Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը:

Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով»,- ասված է հայտարարության տեքստում:

Ազգային ժողովի 5 խմբակցություն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը, սեպտեմբերի 13-ին ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն, որի համաձայն ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ և ընտրական ամբողջ գործընթացը կտեսանկարահանվի: