14 սեպտեմբերի 2016 - 13:50 AMT
Բրիտանացի փորձագետների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները

ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել էր Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միացյալ Թագավորության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գործընկերների հետ:

Ընթերցեք նաև. ՀՀ-ն ՄԱԿ համար դաշտային հոսպիտալ ու ինքնաշեն պայթուցիկների վնասազերծման ստորաբաժանում կստեղծի