14 սեպտեմբերի 2016 - 18:34 AMT
«Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնին 80 ֆիլմ կներկայացվի

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 15-17-ը, Կոտայքի մարզի Աղվերանում անցկացվելու է Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը:

Փառատոնը 2016-ին կանցկացվի «Հայ զինվոր» խորագրի ներքո:

Այն միտված է երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը:

«Ես եմ» միջազգային 9-րդ երիտասարդական կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղրզստանից, Գերմանիայից ներկայացված 80 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ: Այս տարի մրցանակներ են սահմանվել հետևյալ անվանակարգերում. «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ»:

Փառատոնի ժյուրիի նախագահն է կինոքննադատ Աննա Երզնկյանը, անդամներն են՝ կինոռեժիսորներ Արսեն Գասպարյանը, Մանանա Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը:

Փառատոնն անցկացվում է 2004-ից: