15 սեպտեմբերի 2016 - 11:39 AMT
Dasaran-ը՝ միջազգային խոշոր մրցույթի լավագույն 5 նորարարական ծրագրից մեկը

Dasaran կրթական ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի (UNDP) և Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույն 5 նորարարական ծրագրից մեկը:

Առաջին անգամ անցկացվող Accelerate2030 միջազգային մրցույթին աշխարհի 4 մայրցամաքից մասնակցել է ընդհանուր առմամբ 177 կազմակերպություն, որոնցից որպես լավագույն ընտրվել է ընդամենը 5-ը, այդ թվում և Հայաստանը ներկայացնող Dasaran-ը:

Լինելով լավագույնների շարքում՝ Dasaran-ը հնարավորություն է ստացել՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանը ներկայացնելու Ժնևում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին:

«Մեր գործունեությամբ մենք նպատակ ունենք Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնել ոչ այնքան որպես ցեղասպանություն վերապրած, որքան ժամանակակից կրթական մոդելներ ստեղծող և արտահանող երկիր»,-այս առթիվ նշել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

2009թ.-ից գործող Dasaran.am կրթական ծրագրի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Ծրագիրն ստացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, մասնավորապես` 2012թ.-ի փետրվարի 8-ին կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ավելի վաղ՝ 2011թ. օգոստոսին կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի համաձայն` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն, դարձել պարտադիր ՀՀ բոլոր դպրոցների համար, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:

Կարդացեք նաև՝Սենեգալի կառավարությունը հետաքրքրված է Dasaran կրթական ծրագրով