7 մայիսի 2007 - 18:44 AMT
Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին գիրքը արժանացել է Մինեսոտայի Գրքի մրցանակին` Minnesota Book Award
Թուրք պատմաբան, Մինեսոտայի համալսարանի այցելու պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» գիրքը անցած շաբաթվա վերջին արժանացել է Մինեսոտայի Գրքի մրցանակին` Minnesota Book Award: Մրցանակային հանձնաժողովի անդամները թուրք առաջադեմ մտավորականի գիրքը անվանել են «ճանապարհ հարթող աշխատություն» եւ «շուրջ մեկ միլիոն հայերի կոտորածի համար Թուրքիայի պատասխանատվության մանրակրկիտ գնահատական»: Նրանք բարձր են գնահատել Աքչամին եւ նրա հրատարակիչ «Մեթրոփոլիթեն Բուքս»-ին` «կանխամտածված ցեղասպանության 90-ամյա ուրացմանը մարտահրավեր նետելու համար»:

«Ես մեծ պատիվ եմ համարում այս մրցանակը ընդունելը` հետագա ցեղասպանությունների կանխման ակնկալիքով», - հայտարարել է թուրք պատմաբանը: Նա մրցանակը նվիրել է իր մտերիմ ընկերոջ` Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին, հաղորդում է AP-ն:

Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը Թուրքիան լքել է 1970-ականներին` Հայոց ցեղասպանության ճանաչման համար քաղաքական եւ դատական հետապնդումների պատճառով: Ներկայումս նա Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր է: